Ոստիկանները գտել են «օրենքով գող» Կանևսկոյի սանիկ, «Մալխաս ջազ» ակումբի սեփականատիրոջ դեմ սպանության փորձ կատարողին
Ոստիկանները նախօրեին՝ մարտի 17-ի երեկոյան պարզել են մարտի 8-ին Երևանի կենտրոնում քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկ, «Մալխաս ջազ» ակումբի սեփականատեր, 50-ամյա Արշակ Սարգսյանի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները հանցագործությունը կատարելու կասկածանքով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հայտնաբերել ու ոստիկանության կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել Երևանի բնակիչ՝ 44-ամյա տղամարդու, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։
Վերջինս որպես կասկածյալ, ձերբակալվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը կրակոցներ էին հնչել Երևանում. ժամը 02։10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Արսեն Սարգսյանն է։
Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել էին, որ դեպքը տեղի էր ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։
Պարզվել էր, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց էր արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։