Պերուի սահմանադրական դատարանը հավանություն է տվել նախկին նախագահի ազատմանը բանտից
Պերուի սահմանադրական դատարանը հավանություն է տվել նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի ազատմանը բանտից, ով 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել սպանության եւ կոռուպցիայի մեղադրանքով։
Որոշումը վերականգնել է մարդասիրական համաներումը, որը Ֆուխիմորիին շնորհվել էր 2017 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին այն ժամանակվա նախագահ Պաբլո Կուչինսկու կողմից, Associated Press-ին հայտնել է դատարանի ներկայացուցիչը:
Երկրի գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել բժշկական ցուցումներով համաներումը 2018 թվականին եւ հրամայել նախկին բռնապետին վերադարձնել բանտ՝ մարդու իրավունքների խախտման համար պատիժը կրելու, որը պետք է տեւեր մինչեւ 2032 թվականի փետրվարի 10-ը։
Կուչինսկին ասել է, որ ներում է շնորհել Ֆուխիմորիին, քանի որ նա սրտի ծանր հիվանդություն ուներ, որը սրվել էր բանտում պահման պայմանների պատճառով, թեեւ շատերի կողմից այդ քայլը որպես իմփիչմենթը կանխելու փորձ էր դիտվում՝ Կոնգրեսում Ֆուխիմորիի դաշնակիցների բարեհաճությունը շահելու համար: Կուչինսկին հրաժարական տվեց համաներումից երեք ամիս անց: