Բուլղարիայում ձերբակալվել է նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը
ԵՄ դատախազության հետաքննության հետ կապված ոստիկանական օպերացիայի շրջանակներում ձերբակալվել է Բուլղարիայի նախկին վարչապետ եւ խոշորագույն ընդդիմադիր ԳԵՐԲ կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։
Նախկին վարչապետ Բորիսովի տասնամյա իշխանությունն ավարտվեց անցած ապրիլին՝ ընտրություններից հետո։ Դեկտեմբերին իշխանության եկավ նոր կենտրոնամետ կոալիցիոն կառավարությունը՝ կաշառակերության նկատմամբ զրոյական հանդուրժողականություն հայտարարելով:
Բուլղարիայում Եվրոպական դատախազության (ԵԺԿ) կողմից իրականացված օպերացիայի ընթացքում ձերբակալվել են նաեւ կենտրոնամետ ԳԵՐԲ կուսակցության երեք այլ անդամներ, այդ թվում՝ ֆինանսների նախկին նախարար Վլադիսլավ Գորանովը։
Տասնյակ քաղաքական գործիչներ եւ ԳԵՐԲ-ի կողմնակիցներ հավաքվել են Սոֆիայի ծայրամասում գտնվող Բորիսովի տան դիմաց՝ պահանջելով նոր կառավարության հրաժարականը եւ նրան ու ոստիկանությանը մեղադրելով քաղաքական բռնաճնշումների մեջ։
«Բորիսովին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Ոստիկանները խուզարկել են նրա տունը։ Նրան տարել են Ազգային ոստիկանությանշտաբ, որտեղ, ամենայն հավանականությամբ, մեկ օրով կկալանավորեն»,- ասել է նրա փաստաբան Մենկո Մենկովը, փոխանցում է Reuters-ը։
Երկու տարի առաջ մի շարք բուլղարական կայքեր Բորիսովի ենթադրյալ հարստություն ցուցադրող լուսանկարներ հրապարակեցին, այդ թվում՝ ոսկու ձուլակտորներով եւ 500 եվրոյանոց թղթադրամներով լցված դարակի:
Բորիսովը հերքում է իր կատարած ցանկացած խախտում եւ ասում, որ լուսանկարները քաղաքական հակառակորդների կողմից մշակված սխեմայի մասն են՝ իրեն զրպարտելու համար: