Իտալական Maserati-ն դիտարկում է սուպերմեքենաների ավելի սահմանափակ արտադրության հնարավորությունը
Իտալական Maserati-ն դիտարկում է MC20-ի նման սուպերմեքենաների ավելի սահմանափակ արտադրության հնարավորությունը, հայտարարել է գլխավոր տնօրեն Դավիդ Գրասոն, քանի որ Stellantis շքեղ ապրանքանիշը անցնում է էլեկտրաֆիկացման, հաղորդում է Reuters-ը:
«Այո, դրա համար կան հնարավորություններ, հաճախորդները հետաքրքրված են, բայց չեմ ուզում ավելին ասել»,- ասել է Գրասոն՝ ներկայացնելով ապրանքանիշի էլեկտրաֆիկացման ռազմավարությունը:
Ավելի քան 200 000 եվրո արժողությամբ MC20 սուպերքարը առաջին անգամ ներկայացվել է 2020թ․, որպեսզի գլխավորի Maserati-ի հեղաշրջումը՝ ամրապնդելով ընկերության ներկայությունը բարձրակարգ մեքենաների շուկայում:
Maserati-ն հաջորդ շաբաթ իր նոր սպորտային ամենագնացը (SUV) կներկայացնի։
Գրասոն մտադիր է մինչեւ 2025թ․ յուրաքանչյուր մոդելի, ներառյալ MC20-ի, այսպես կոչված, ամբողջովին էլեկտրական Folgore տարբերակը առաջարկել:
Maserati-ի մարտկոցով առաջին էլեկտրական մեքենան (BEV) կլինի նոր GranTurismo-ն, որը կհայտնվի 2023թ․, իսկ Grecale-ն ավելի ուշ՝ հաջորդ տարվա վերջին նաեւ EV տարբերակով հասանելի կլինի:
Գրասոն ասել է, որ ապագա մոդելները հիմնված կլինեն Maserati-ի պլատֆորմի վրա, սակայն ապրանքանիշը ավելի լայն տեխնոլոգիական կոնվերգենցիայի մաս կլինի Stellantis խմբում: «Այնուամենայնիվ, մենք պետք է ձգտենք Maserati-ի յուրահատկությանը եւ բարձր արտադրողականությանը»: