Ռուսաստանցիների նկատմամբ ատելության խոսք թույլ տալով՝ Facebook-ը երկակի ստանդարտներ է կիրառում
Ուկրաինայում պատերազմի պատճառով ռուսաստանցիների նկատմամբ ատելություն հրահրելը թույլատրելու Facebook-ի որոշումը խախտում է ընկերության կանոնները եւ ցուցադրում է «երկակի ստանդարտներ», ինչը կարող է վնաս հասցնել այլ կոնֆլիկտներին ներգրավված օգտատերերին։ Նման կարծիք են հայտնել փորձագետները եւ թվային իրավունքների հարցերով զբաղվող ակտիվիստները, գրում է Thomson Reuters Foundation-ը։
Facebook Meta Platforms-ը որոշ երկրներում Facebook-ի եւ Instagram-ի օգտատերերին ժամանակավոր թույլատրել է բռնության կոչերը ռուսաստանցիների եւ ռուս զինծառայողների նկատմամբ՝ Ուկրաինայում պատերազմի համատեքստում։ Այս մասին անցած շաբաթ հայտնել է Reuters գործակալությունը։
Ըստ փորձագետների՝ այդ որոշումը ցույց է տալիս հարթակի կանխակալությունը։
Access Now թվային իրավունքների խմբից Մարվա Ֆաթաֆթան ասել է, որ այս քայլը «բացահայտ երկակի ստանդարտ է, որը ցույց է տալիս Meta-ի անկարողությունը՝ սանձել մարտական գործողությունների այլ գոտիներում ատելության խոսքը»։
«Սա հաստատում է տեխնոլոգիական հարթակների խտրականությունը։ Տեխնոլոգիական հարթակները պարտավոր են պաշտպանել իրենց օգտատերերի անվտանգությունը, աջակցել խոսքի ազատությանն ու հարգել մարդու իրավունքները։ Բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ անվտանգությունը եւ ո՞ւմ խոսքի ազատությունը»,- ասել է Ֆաթաֆթան։
Անցած տարի Instagram-ը եւ Twitter-ը ջնջել են հարյուրավոր պաղեստինցիների գրառումներ, որոնք բողոք են հայտնել Արեւելյան Երուսաղեմից արտաքսման դեմ, ապա ավելի ուշ արդարացրել են այդ քայլը «տեխնիկական սխալով»։
Թվային իրավունքների խմբերը թափանցիկության կոչ են արել։
Facebook-ը քննադատության է արժանացել Եթովպիայից մինչեւ Մյանմա հակամարտությունների հարցում հրահրումը կանխել չկարողանալու համար։ Ըստ ՄԱԿ-ի քննիչների, սոցցանցն առանցքային դեր է ունեցել մուսուլման ռոհինջաների դեմ բռնություն հրահրող հայտարարությունների տարածման մեջ։
«Ոչ մի պարագայում թույլատրելի չէ սոցցանցերում բռնության քարոզումը, քանի որ դա կարող է վնասել անմեղ մարդկանց»,- ասել է Free Rohingya Coalition իրավապաշտպան խմբի համահիմնադիր Նայ Սան Լվինը։
«Meta-ն պետք է խիստ քաղաքականություն ունենա ատելություն հրահրելու նկատմամբ՝ անկախ երկրից եւ իրավիճակից»,- ասել է նա։
Facebook-ի՝ իր հարթակներում չարաշահումների դեմ պայքարի նկատմամբ ուշադրությունն ավելացել է այն բանից հետո, երբ Ֆրենսիս Հաուգենը հրապարակել է փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս խնդիրները, որոնց բախվել է Facebook-ը այն երկրներում, որոնք օգտատերերի համար ամենից շատ ռիսկ են ներկայացնում։
2017թ․ դեկտեմբերին ռոհինջա փախստականները կոլեկտիվ հայց են ներկայացրել 150 միլիարդ դոլարի չափով՝ պնդելով, որ սոցցանցը չի կարողանում վերահսկել կոնտենտը եւ նպաստում է փոքրամասնությունների դեմ բռնությանը։
Վերջերս Meta-ն հայտարարել է, որ «կգնահատի Եթովպիայում իր աշխատանքում մարդու իրավունքների անկախ գնահատում անցկացնելու հնարավորությունը» այն բանից հետո, երբ դիտորդական խորհուրդը խորհուրդ է տվել ստուգում անցկացնել։
Human Rights Watch-ի զեկույցում ասվում է, որ տեխնոլոգիական ընկերությունները պետք է ցույց տան, որ Ուկրաինայում նրանց գործողություններն «արդարացված են», եւ խուսափեն ցանկացած «կամային, կանխակալ կամ ընտրովի որոշումից։
«Սա ժամանակավոր որոշում է, որն ընդունվել է արտակարգ եւ աննախադեպ հանգամանքներում»,- Twitter-ի իր էջում գրել է Meta-ի նախագահ Նիք Քլեգը՝ հավելելով, որ ընկերությունը կենտրոնացած է Ուկրաինայում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանության վրա։
Ռուսաստանն արգելափակել է Facebook-ը, Instagram-ը եւ Twitter-ը։
Meta-ի նոր մոտեցումը ցույց է տալիս, թե որքան դժվար է գրել կանոններ, որոնք համատարած աշխատում են։ Այս մասին ասել է Article 19 իրավապաշտպան կազմակերպության թվային ծրագրերի մենեջեր Մայքլ Քասթերը։ «Չնայած պետք է սպասել, որ գլոբալ կորպորացիայի քաղաքականությունը փոքր-ինչ կփոխվի։ Պետք է սպասել թափանցիկություն, հետեւողականություն»,- նշել է նա։
«Վերջին հաշվով որոշումը պետք է հիմնվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների եւ բիզնեսի սկզբունքների վրա»,- հավելել է նա։
Եզդի ակտիվիստ Վահաբ Հասսուն, որը արշավ է իրականացրել սոցցանցերին պատասխանատվության ենթարկելու համար այն պատճառով, որ վերջիններս չեն գործում ԻՊ-ի դեմ եւ օգտագործում են հարթակները եզդի կանանց եւ աղջիկների առեւտրի համար, հայտարարել է, որ Facebook-ի գործողությունները մտահոգիչ են։
Հասսուի ընտանիքը ստիպված է եղել 80 000 դոլար վճարել՝ ջիհադիստներից զարմուհուն ազատելու համար, որին առեւանգել էին 2014թ․, ապա «վաճառքի հանել» WhatsApp-ում։
«Ես ցնցված եմ»,- ասել է 26-ամյա Հասսուն՝ խոսելով Meta-ի որոշման մասին։
«Երբ նրանք միակողմանի որոշումներ են կայացնում, դրանով նպաստում են ատելության, սեռական բռնության, մարդկանց առեւտրի, ստրկության քարոզչությանը»,- ասել է նա։
Հասսուն եւ նրա եզդի ակտիվիստ գործընկերները զեկույց են կազմել, որում ԱՄՆ-ին եւ այլ երկրների կոչ են անում հետաքննել սոցցանցերի, այդ թվում՝ Facebook-ի եւ YouTube-ի դերը եզդի փոքրամասնության դեմ հանցանքներում։