Daily Mail-ը ծաղրել է Մակրոնի «մաչոյականության» փորձերը եւ նշել, որ նա Զելենսկուն է նմանակում
Պատերազմը շատ լավ է որոշ քաղաքական առաջնորդների համար: Հատկապես, եթե նրանք ստիպված չեն կռվել, բայց կարող են կողքից «մտահոգություն» հայտնել՝ իմանալով, որ չեն պատրաստվում վտանգի ենթարկել ընտրողների կյանքը կամ պարտության նվաստացման ենթարկվել, գրում է Daily Mail-ը:
«Պատերազմը ընտրողների շրջանում ժողովրդականություն նվաճելու հնարավորություն է՝ գովազդելով քեզ որպես կոշտ քաղաքական գործչի, ով ամեն ինչ կանի արյունահեղությունը դադարեցնելու համար: Իսկ մեր օրերում դա արվում է սոցիալական ցանցերի միջոցով:
Ուկրաինայում տիրող սարսափելի իրավիճակը առանց սեթեւեթանքի օգտագործողներից մեկը Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է, որին հաջորդ ամիս նախագահական դաժան ընտրություններ են սպասում։ Նա պայքարում է ծայրահեղ աջակողմյան մրցակիցների դեմ, ինչպիսիք են Մարին Լը Պենը եւ Էրիկ Զեմմուրը, եւ յուրաքանչյուր ձայն կարեւոր է: Մակրոնի ժողովրդականությունը մի փոքր աճել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո, բայց ինչպե՞ս բարելավել այն։
Ֆրանսիայի նախագահը որոշել է ամբողջությամբ թարմացնել իմիջը։ Կոստյումներին փոխարինելու են եկել դիզայներական թրաշը եւ պսեւդոբանակային բրենդինգը:
Կոկիկ մինի-Մակրոնը մի գիշերվա ընթացքում մաքուր բանկային կառավարչից վերածվել է կոպիտ եւ կոշտ կոմանդոսի: Մեկին, ում իսկապես կարող էիր սիրել (դե, գուցե հինգ րոպեով): Անցյալ կիրակի Ելիսեյան պալատում արված լուսանկարներում նոր մաչո է՝ չսափրված, գզգզված, որն իրեն «աշխատանքի մեջ գտնվող տղամարդու» պես է պահում:
Ավելին, նա կրում է շատ լավ վերնազգեստ՝ կնգուղով, որի վրա պատկերված է № 10 պարաշուտադեսանտային ջոկատի լոգոտիպը։ Ջոկատը էլիտար խումբ է, որը բաղկացած է մոտ 300 բարձր պատրաստվածություն ունեցող մարտիկներից: Ինչ-որ չափով զավեշտական է, քանի որ Մակրոնը Ֆրանսիայի միակ նախագահն է, որը չի ծառայել բանակում:
Ելիսեյան պալատի ոսկե սենյակում նրա հսկայական սեղանը խառնիխուռն ու քաոսային է թվում, ինչը հուշում է, որ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, նույնիսկ կիրակի օրերին ծանր բանակցություններ է անցկացում:
Լուսանկարներն արվել են Մակրոնի անձնական լուսանկարիչ Սոազիգ Դե Լա Մուսոններիի կողմից, որին վճարում են քարոզարշավի ընթացքում նրան հետեւելու եւ Instagram-ում օրական 10 լուսանկար հրապարակելու համար։
Նախկինում Ֆրանսիայի նախագահը շատ խիստ (եւ պահպանողական) էր վերաբերվում իր իմիջին՝ Ռոտշիլդների նախկին բանկիրի սովորական հագուստը բաղկացած էր բարակ մուգ կապույտ կոստյումից, ձյունաճերմակ վերնաշապիկից եւ փողկապից, խնամված մազերից եւ հարթ կզակից:
Այս լուսանկարները խնամքով ընտրվել են նոր ուղերձ հղելու համար՝ ահա արդյունավետ, լուրջ տղա, ով հասնում է նպատակին: Նախորդ քարոզարշավի լուսանկարների մեծ մասում կոստյումներով որոշակի տարիքի սպիտակամորթ տղամարդիկ հանդիպում են կոստյումներով այլ տղամարդկանց հետ:
Բայց Ուկրաինայի պատերազմը բերեց ոչ միայն վիշտ, ավերածություններ եւ միլիոնավոր անօթեւան փախստականներ: Այն կայծակի պես խփեց Եվրոպայում իշխանության սեղանների շուրջ նստած որոշակի տարիքի բոլոր տղամարդկանց ու կանանց թիկունքին։
Նոր քաղաքական աստղը՝ ի դեմս Վլադիմիր Զելենսկու, վերաշարադրեց կանոնները։ Զելենսկին վերաշարադրեց քաղաքական ներկայացման կանոնները, թե ինչ տեսք պիտի ունենա եւ ինչպես պիտի հնչի նախագահը։ Նա հրաժարվեց կոստյումից եւ դարչնագույն բաճկոն է կրում ու սովորական շապիկներ։ Նախկինում նա լավ սափրված էր, հիմա թրաշ ունի եւ այնպիսի տեսք, կարծես նոր է անկողնուց վեր կացել։ Ճմռթված շապիկով տղամարդն այժմ աշխարհի ամենախարիզմատիկ քաղաքական գործիչն է։
Մյուս քաղաքական գործիչները կարող են միայն կողքից նայել եւ քրքջալ՝ ֆանատների եւ աղջիկների նման: Մյուս առաջնորդները հույս ունեն, որ Զելենսկու աստղային հեղինակությունը կփոխանցվի իրենց։ Այստեղից էլ «ռազմական սենյակի» լուսանկարների հավաքածուի Մակրոնի ամոթալի բեմադրությունը։
Նախկինում մեծ ծաղրի էր արժանանում փետրվարին Պուտինի հետ «հսկայական սեղանի» շուրջ նրա հանդիպման լուսանկարների հրապարակումը։ Երկու տղամարդիկ էլ բարձրահասակ չեն, եւ նրանց միջեւ ընկած սեղանն ընդգծում է այն հսկայական անդունդը, որը Մակրոնը երբեք չի կարողանա հաղթահարել:
Բրենդն առաջ տանելու եւ ազգային ճգնաժամի ժամանակ հեղինակությունը բարձրացնելու համար խնամքով ընտրված լուսանկարների օգտագործումը ժամանակակից քաղաքական գործիչների համար դարձել է առանցքային ռազմավարություն: Մոռացեք կանոնները՝ ճիշտ լուսանկարներ արեք:
Բորիս Ջոնսոնն ունի թիմ, որին վճարում են, որպեսզի հետեւի նրա յուրաքանչյուր շարժմանը եւ տեսանկարահանի ինչպես է նա վազում վարտիքով կամ ապշած երեխաների հետ նստում դասարանում: Կամ հիվանդանոցում կանգնած է՝ փողկապը ճմռթված վերնաշապիկի մեջ խրած:
Մակրոնը նաեւ ժամերով զրուցում է նախագահ Պուտինի հետ (առնվազն 12 զանգ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում), եւ դա նկատելի ազդեցություն չի ունենում Ռուսաստանի առաջնորդի մտածելակերպի վրա: Բայց ֆրանսիացին պետք է ընտրողներին ցույց տա, թե որքան ջանասիրաբար է աշխատում իր երկրի համար։ Այստեղից էլ անհեթեթ ֆոտոշարքը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը անցած ամիս Մոսկվա այցելելիս նույն թակարդն էր ընկել: Նրա լուսանկարիչը ֆիքսել էր, թե ինչպես է նա մի տաք օր անմիտ, մեծ մորթե գլխարկով կեցվածք ընդունել Կրեմլի առջեւ:
Համենայն դեպս արդյունքն այնքան անմեղ չէր, որքան անցյալ նոյեմբերին Էստոնիայում տանկից դուրս ցատկելու լուսանկարները:
Թրասը բավականաչափ խելացի է հասկանալու համար, որ հագուստը կարեւոր է եւ անընդհատ օգտագործում է այն Մարգրետ Թետչերին պատճենելու համար: Ցավոք, արդյունքը սովորաբար ավելի շատ քարտուղարներ ընտրող գործակալության գովազդի է նման։
Մակրոնը սեփական փորձից է սովորում, որ նորաձեւությունն անկայուն տիրուհի է։ Հեռու լինելով մաչոյի տեսք ունենալուց՝ նա թողնում է մի մարդու տպավորություն, որից դուք կխուսափեիք»։