Իտալիան ուսումնասիրում է Եվրոպայի ամենահարավային սառցադաշտը
Իտալացի գիտնականները մրցման մեջ են մտել ժամանակի հետ, որպեսզի ուսումնասիրեն, սքանավորեն եւ Եվրոպայի ամենահարավային սառցադաշտից նմուշ վերցնեն նախքան դա կհալվի եւ կանհետանա գլոբալ ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով, հայտնում է AP-ը:
Հետազոտողները մարտի 13-ին Իտալիայի կենտրոնական Ապենինյան լեռներում գտնվող Կալդերոնե սառցադաշտի նախնական ռադիոլոկացիոն հետազոտություն են անցկացրել եւ պլանավորում են վերադառնալ հաջորդ ամիս, որպեսզի հորատեն եւ նմուշներ վերցնեն։
«Այս սառցադաշտը կարող է պատմել մեզ Միջերկրական ծովի կլիմայի եւ շրջակա միջավայրի պատմության մասին»,- ասում է հետազոտող Յակոպո Գաբրիելին՝ Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի բեւեռային գիտությունների ինստիտուտից:
Հետազոտությունը փորձագետներին թույլ կտա «ֆիքսել ձյան եւ սառույցի, սառույցի եւ ժայռի միջեւ խորությունը եւ մորֆոլոգիան: Այսպիսով, մենք կկարողանանք չափել հաստությունը եւ վերականգնել սառցադաշտի հատակի մորֆոլոգիան»,- ասում է Երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտի հետազոտող Ստեֆանո Ուրբինին:
Իտալական փոքրիկ սառցադաշտը, որն արդեն երկու մասի է բաժանվել գլոբալ տաքացման հետեւանքով, կլիմայի փոփոխության կարեւոր ջերմաչափ է եւ մթնոլորտային տեղեկատվության գանձարան: Սառցադաշտաբանները ակնկալում են, որ ձյան եւ սառցադաշտը ծածկող բեկորների տակ 25 մետր հաստությամբ սառույցի շերտ կգտնեն: