Ուզբեկստանը հրաժարվել է ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները
Ուզբեկստանը կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ կհրաժարվի ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները (ԼԺՀ եւ ԴԺՀ)։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Քամիլովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ Տաշքենդը լավ հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ, բայց արտաքին քաղաքականությունը կառուցում է իր, ոչ թե ուրիշների ազգային շահերի հիման վրա։ «Մենք կշարունակենք փոխշահավետ համագործակցությունը այդ երկրների հետ»,- ասել է Քամիլովը։
Նա հավաստիացրել է, որ Ուզբեկստանին անհանգստացնում են ռազմական բախումներն Ուկրաինայում, եւ կոչ է արել հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով։ «Մենք կողմ ենք բռնությունը եւ մարտական գործողությունները դադարեցնելուն»,- պարզաբանել է ԱԳ նախարարը։