Բայդենի վարչակազմը դիտարկում է ԻՀՊԿ-ին ահաբեկիչների ցուցակից հանելու հնարավորությունը․ Axios
Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկիչների «սեւ ցուցակից» հանելու հնարավորությունը՝ տարածաշրջանում լարվածության թուլացման Իրանի հանրային պարտավորության դիմաց, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:
2015թ․ միջուկային գործարքը վերականգնելու մասին համաձայնագիրը գրեթե ավարտված է, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը չեղարկելու Իրանի պահանջը առանցքային խոչընդոտ է մնում:
Բայց սա Բայդենի համար քաղաքական խնդիր է։ Այն բուռն տարակուսանքներ կառաջացնի հանրապետականների եւ, հավանաբար, Սենատի որոշ դեմոկրատների շրջանում:
Ցուցակից ԻՀՊԿ-ին հանելը ուղղակիորեն կապված չէ միջուկային գործարքի հետ, եւ ցանկացած որոշում կկայացվի ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ առանձին երկկողմ համաձայնագրի ձեւով, ըստ ամերիկյան եւ իսրայելական աղբյուրների։
Բայդենի վարչակազմի կողմից քննարկվող գաղափարներից մեկը կարող է լինել հրապարակային հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում փոխել իր կարծիքը, եթե որոշի, որ Իրանը կատարել է տարածաշրջանում լարվածության թուլացման իր խոստումը:
Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ Բայդենի վարչակազմը տեղեկացրել է իսրայելական կառավարությանը, որ նման հնարավորություններ դիտարկվում են, սակայն ընդգծել է, որ որեւէ որոշում չի կայացվել:
Իսրայելի կառավարությունն անհանգստացած է այդ գաղափարից եւ, մասնավորապես, այն փաստից, որ ԱՄՆ-ը Իրանից ԱՄՆ-ին եւ տարածաշրջանում նրա դաշնակիցներին չհարվածելու կոնկրետ պարտավորություններ չի պահանջել, ասել են իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները։
Երբ նախկին փոխնախագահ Մայք Փենսը անցյալ շաբաթ այցելել էր Իսրայել, նա վարչապետ Նաֆթալի Բենեթի եւ արտգործնախարար Յաիր Լապիդի հետ հանդիպումների ժամանակ ասել էր, որ Բայդենը ծրագրում էր հանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ցուցակից՝ ամերիկացիների վրա չհարձակվելու ավելի նեղ պարտավորության դիմաց:
Վաշինգտոնում իսրայելցիներին ասել են, որ Բայդենի վարչակազմը քննարկել է այդ հնարավորությունը, սակայն բացառել է այն:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ ը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ին ցուցակից հեռացնելու որոշում դեռ չի կայացվել:
Այնուամենայնիվ, պաշտոնյան ընդգծել է, որ ԻՀՊԿ-ն կմնա ահաբեկիչների առանձին ցուցակում եւ կհայտնվի բազմաթիվ պատժամիջոցների տակ, ԱՄՆ-ը դեռ կունենա «գարծիքակազմ՝ Իրանի ապակայունացնող գործունեությանը հակազդելու համար»։
ԱՄՆ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ «զուտ շահարկում» կլիներ խոսել գործարքի մանրամասների մասին, որը դեռ չի ավարտվել, բայց հավելել է. «Ակնհայտ է, որ նախագահ Թրամփի եւ փոխնախագահ Փենսի հեռանալը եւ առավելագույն ճնշման արշավը բացահայտ ձախողում էր։ Քանի որ Իրանը միայն ուժեղացրել է իր միջուկային գործունեությունն ու տարածաշրջանային ագրեսիան»:
Նշենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկիչների ցուցակում ներառելու Թրամփի որոշումը ցուցակում պետական կազմակերպություն ավելացնելու առաջին դեպքն էր։