Փարիզի Աստվածամոր տաճարի տակ հնագետները կապարե սարկոֆագ են հայտնաբերել
Հնագետները Փարիզի Աստվածամոր տաճարի տակ 2019 թվականի ավերիչ հրդեհից հետո շենքի վերանորոգման աշխատանքների ժամանակ մի քանի դամբարան եւ կապարե սարկոֆագ են հայտնաբերել, որոնք թվագրվում են հավանաբար 14-րդ դարով: Ակնհայտ գիտական արժեք ներկայացնող գերեզմանները հայտնաբերվել են տաճարի կենտրոնական մասում հնագույն եկեղեցու գագաթը վերականգնելու նախապատրաստական աշխատանքների ընթացքում: Այս մասին իր կայքում հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։
Ըստ երևույթին, մարդակերպ դագաղը պատրաստվել էր բարձրաստիճան պաշտոնյայի համար 1300-ական թվականներին՝ տաճարի կառուցումից հարյուր տարի անց: Գիտնականների թիմն արդեն էնդոսկոպիկ մինի տեսախցիկ է օգտագործել՝ սարկոֆագի ներսը տեսնելու համար, որը դեֆորմացվել է հողի եւ քարերի ծանրության տակ։ «Մենք կարողացանք գործվածքի, մազի կտորներ եւ, առաջին հերթին, գլխի հատվածում բուսական մնացորդներից բարձ տեսնել, ինչը բնորոշ է կրոնական առաջնորդների գերեզմաններին,- պատմել է խմբի առաջատար հնագետ Քրիստոֆ Բենյեն:- Այն փաստը, որ այդ բուսական տարրերը դեռ ներսում են, նշանակում է, որ մարմինը եւս պետք է շատ լավ վիճակում պահպանված լինի»:
Հնագետներին ժամանակ է տրվել մինչեւ մարտի 25-ը, որից հետո տաճարի վերակառուցման աշխատանքները կվերսկսվեն, որը նախատեսվում է վերաբացել 2024 թվականին։