«Երկնային իրադարձության» առեղծվածը, որը ոչնչացրել է Սոդոմն ու Գոմորը
Նոր ուսումնասիրությունը ենթադրում է, որ բիբլիական Սոդոմ եւ Գոմոր քաղաքները ջնջվել են երկրի երեսից երկնաքարային հեղեղի պատճառով, որը ոչնչացրել է բոլոր 8000 մարդկանց, որոնք ապրում էին այդ տարածքում: Նույն իրադարձությունը կարող էր պատճառ դառնալ Երիքովի պարիսպների փլուզման համար, որը գտնվում էր երկու «մեղքի քաղաքներից» 32 կիլոմետր հեռավորության վրա, գրում է Express պորտալը։
Փորձագետները կարծում են, որ Աստվածաշնչում նկարագրված իրադարձությունն իրականում տեղի է ունեցել եւ հանգեցրել է բազմաթիվ ավերածություններին հնագույն Թալ էլ-Համման քաղաքում, որը համարվում է Աստվածաշնչում նկարագրված Սոդոմը:
Ամենայն հավանականությամբ, ըստ գիտնականների, խոշոր երկնաքարերից մեկը մթնոլորտում պայթել է մոտ 2,5 կիլոմետր բարձրության վրա։ Դա հանգեցրել է հարվածային ալիքի առաջացման, որը շարժվել է 1200 կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո ողջ մնացածներ չեն եղել։ Դատելով հայտնաբերված մնացորդներից՝ հնագետները կարծում են, որ մարդկային մարմիններ են պայթել։
Հետազոտության առաջատար հեղինակ, Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Քենեթը նշում է, որ վաղեմի ողբերգության վայրում ապացույցներ են հայտնաբերվել, որ այստեղ ջերմաստիճանը գերազանցել է 2000°C-ը: Օրինակ՝ ավազ պարունակող նյութերի մեծ մասը վերածվել է ապակու։ Հնագետները հնագույն քաղաքի տեղում հայտնաբերել են նաեւ հալած մետաղ եւ քվարցի հատիկներ: Այս հազվագյուտ նյութը ձեւավորելու համար անհրաժեշտ է հսկայական ուժի ազդեցություն:
Պատմաբաններն ընդգծում են, որ այն ժամանակ չկային այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կարող էին նմանակել նման հզորության բնական երեւույթը։ Հետազոտողները այս իրադարձությունը համեմատում են նաեւ 1908թ․ Սիբիրում Տունգուսկա երկնաքարի անկման հետ։