ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի երիտասարդների համատեղ բողոքի ակցիան՝ ԱԳՆ-ի դիմաց (Տեսանյութ)
ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությունները բողոքի ակցիա են կազմակերպել ԱԳՆ-ի դիմաց:
Ավելի վաղ ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարությունն էր տարածել, որտեղ ասվում է. «Հայաստանում խորացող համակարգային և Արցախում ստեղծված հումանիտար եւ անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դե ֆակտո իշխանությունները շարունակում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողությունները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել ևս մեկ աղետի առջև։
Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, ժամը 13։00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։
Նախարարության շենքի մոտից երթով շարժվելու ենք կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ եւ կորուստների ոչ մի մանդատ չունի։
Հայաստանում դեռևս կան արժանապատվություն ունեցողներ, ովքեր ամեն կերպ կանխելու են պետականակործան այս գործընթացը։
Սիրելի հայրենակիցներ,
այս ճգնաժամը չի հաղթահարվելու մեկ ակցիայով կամ գործողությամբ։ Բայց արդար զայրույթի ձայն ու պայքարի բռունցք բարձրացնելն արժանապատիվ հայ երիտասարդի պարտականությունն է եւ ավելի լավ Հայաստանի ու հայկական Արցախի միակ շանսը։
Միացե’ք մեզ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, տարիքից եւ քաղաքական հայացքներից»: