Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են դիվանագիտական կարգավորումն Ուկրաինայում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ երկրում իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Քարտուղար Բլինքենը եւ արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն քննարկել են պատերազմի դադարեցման ուղղությամբ շարունակվող դիվանագիտական ջանքերը», - ասվում է Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Բլինքենը թարմացված տեղեկատվություն է տրամադրել իր թուրք գործընկերոջն Ուկրաինայի ժողովրդին ԱՄՆ-ի աջակցության եւ Ռուսաստանի դեմ հետագա միջոցների մասին: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Անկարային՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հանձնառության, ինչպես նաեւ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու Թուրքիայի ջանքերի համար։
Նախօրեին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան շարունակում է շփումները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հրադադարի եւ Թուրքիայի քաղաքացիների տարհանման շուրջ։ Նա նշել է, որ Թուրքիան համագործակցում է երկու երկրների հետ Ուկրաինայից իր քաղաքացիների տարհանման հարցով: