Հայաստանը լավ հեղինակություն ունեցող երկրների շարքում է. ԱԶԲ-ում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 16-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ունեցած ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերների եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Նախարարն իր խոսքում կարեւորել է ԱԶԲ-ի հետ ունեցած օրինակելի համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել 15 տարիների ընթացքում ձեւավորված կառուցողական փոխգործակցության համար:
Շեշտելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հետ ՀՀ կառավարության համագործակցությունը կարեւոր ուղենիշ է միջազգային ներդրողների համար, նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ԱԶԲ-ն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանի Հանրապետությունում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում եւ Հայաստանի համար կարեւորագույն ծրագրերում: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգն ու հիմնական ուղղությունները:
Արիֆ Բահարուդինն իր հերթին, շնորհակալություն հայտնելով համատեղ բազմամյա աշխատանքի համար, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը լավ հեղինակություն ունեցող երկրների շարքում է եւ Ասիական զարգացման բանկի կարեւոր գործընկերներից մեկն է:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է համագործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը: