Ռուսաստանը կվերագործարկի ICQ մեսենջերը
Ռուսական VK Group տեխնոլոգիական ընկերությունը որոշել է վերագործարկել ICQ հաղորդագրությունների ծառայությունը և MyTeams մեսենջերը։ Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում անելով «Վեդոմոստի» թերթին:
Նշվում է, որ հարթակների վերագործարկման հնարավորությունը VK Group-ի մենեջերները քննարկել են 2022 թվականի սկզբին, իսկ Ռուսաստանից որոշ արտասահմանյան ընկերությունների դուրս գալուց և երկրի դեմ միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո գաղափարը նոր թափ է ստացել։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագիծն արդեն սկսել է քննարկվել ՌԴ իշխանությունների հետ։ Սպասվում է, որ ICQ-ի և MyTeams-ի նոր տարբերակները կներկայացվեն մինչև ամառ։
Թե ինչով կտարբերվեն մեսենջերների նոր տարբերակները ներկայիս տարբերակներից, դեռ չի բացահայտվել։ Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններից: