Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն նախապատրաստությունը երկու երկրների նախագահների հանդիպմանը
Ռուսաստանը եւ Թուրքիան կշարունակեն նախապատրաստությունը երկու երկրների միջեւ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի իններորդ հանդիպմանը՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է նախագահ Պուտինի եւ Էրդողանի գագաթնաժողովին, մենք պայմանավորվեցինք, որ կշարունակենք նախապատրաստվել բարձր մակարդակի համագործակցության խորհրդի իններորդ հանդիպմանը, որը պետք է անցկացվի այս տարի թուրքական տարածքում», - ասել է նա։ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Թուրքիան հաճույքով է ընդունում ռուսական կողմին իր հողում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ պայմանավորվածություն կա Ռուսաստանի Դաշնության Նախագահի այցի վերաբերյալ, սակայն կոնկրետ ժամկետները դեռ հաստատված չեն, եւ պարզաբանել էր, որ այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ պետությունների ղեկավարների ժամանակացույցը եւ համաճարակաբանական պայմանները թույլ տան անել դա: