Կաչինսկին առաջարկել է ՆԱՏՕ-ի զինված խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա
Լեհաստանում իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ, հանրապետության փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին առաջարկել է ՆԱՏՕ-ի զինված խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա։ Այդ մասին նա հայտարարել է Կիեւում երկրի ղեկավարության հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Կարծում եմ, որ մեզ ՆԱՏՕ-ի կամ, միգուցե, ավելի լայն կազմի խաղաղապահ առաքելություն է անհրաժեշտ, որն ի վիճակի կլինի պաշտպանել իրեն, որը, այդ երկրի նախագահի եւ կառավարության համաձայնությամբ, կգործի Ուկրաինայի տարածքում», - ասել է քաղաքական գործիչը, ում ելույթը հեռարձակել է Telewizja Polska-ն:
«Դա անզեն առաքելություն չի լինի: Այն կծառայի խաղաղությանը, հումանիտար օգնության մատակարարմանը, բայց նաեւ պաշտպանված կլինի համապատասխան ուժերի, զինված ուժերի կողմից»,- ասել է նա:
Կաչինսկու խոսքով՝ «սա այն է, ինչի կարիքն այժմ ունի Ուկրաինան, Եվրոպան եւ ամբողջ ժողովրդավարական աշխարհը»։ «Խոսքը գործերի եւ այն մասին է, ինչն այստեղ անհրաժեշտ՝ քաջության։ Քաջություն, որը, ցավոք սրտի, հաճախ պակասում է»,- հավելել է նա։
Կաչինսկին Լեհաստանի, Սլովենիայի եւ Չեխիայի վարչապետների հետ միասին երեքշաբթի գնացքով ժամանել է Կիեւ։ Նրանք հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Հաղորդվում էր, որ այս պատվիրակությունը ներկայացնում է Եվրամիությունը։ Ինչպես հայտնել են Վարշավայում, այցի նպատակն է հաստատել ողջ Եվրամիության անվերապահ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը, ինչպես նաեւ՝ ուկրաինական պետությանն ու հասարակությանն օգնության լայն փաթեթ ներկայացնելը։