Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է հօգուտ Հայաստանի լրտեսության մեղադրանքով
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պետական դավաճանության կասկածանքով քրեական գործ է հարուցել Ադրբեջանի քաղաքացի Էմիլ Մամեդովի (ծնվ. 1981թ.) դեմ։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով պետական անվտանգության ծառայությանը, «անցկացված հետաքննությունների ընթացքում պարզվել է, որ նյութական շահի դիմաց Էմիլ Մամեդովը հանդիպել է Հայաստանի անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ երրորդ երկրի տարածքում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հանձնարարությունների կատարման հարցում նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով։ Հակառակորդի կողմն անցնելով՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության, պետական անվտանգության եւ մարտունակության, հանձնարարություններ է ստացել տեղեկություն հավաքելու մասին, որը կարող էր օգտագործվել ի վնաս Ադրբեջանի պետական անվտանգության։ Հիմնավորված կասկածներ են հայտնվել, որ նա գաղտնի կապեր է ունեցել Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, նրանք հետեւել են կոնսպիրացիայի կանոններին։ Էմիլ Մամեդովը պատասխանատվության կենթարկվի Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 274 հոդվածով (պետական դավաճանություն)։ Նա ձերբակալվել է դատարանի վճռով»։