Արկտիկայի հատակում հսկայական իջվածքներ կան
Գիտնականները հսկայական իջվածքներ են հայտնաբերել Արկտիկայի հատակում, որոնք գոյացել են վերջիին մի քանի տարիներին։ Այս մասին պատմող հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում։
Կանադական Բոֆորտի ծովի՝ հեռահար կառավարվող ստորջրյա սարքի եւ սոնարի օգնությամբ կատարված քարտեզագրման ժամանակ փոփոխություններ են հայտնաբերվել, որոնք տեղի են ունեցել ծովի հատակում հավերժական սառածության հալվելու պատճառով։
Այդ փոփոխությունները տեղի են ունեցել 2010-2019թթ., այդ ընթացքում կատարվել է չորս զննում, որոնք ընդգրկել են մոտ 26 քառակուսի կիլոմետր տարածք։ Սա ստորջրյա հավերժական սառածության առաջին հետազոտությունն է, եւ հայտնի չէ, թե արդյոք այդ փոփոխությունները վերաբերում են նաեւ Արկտիկայի այլ հատվածներին։
Հայտնի է, որ հավերժական սառածության հալչելը ցամաքում հանգեցնում է ընդերքի փլուզումների, լճերի գոյացման եւ անհետցման եւ բլուրների առաջացման։ «Մենք առաջին անգամ կարողացանք ցուցադրել տեխնոլոգիա, որը թույլ է տալիս տեսնել, որ նման փոփոխություններ տեղի են ունենում նաեւ շելֆում,- ասել է Մոնթերեյ ծոցի Օկեանարիումի հետազոտական ինստիտուտի աշխատակից Չառլի Փոլը։- Ակնհայտ է, որ ռելիեֆի նման մեծ փոփոխությունները լուրջ հետեւանքներ կունենան ծովի հատակի ցանկացած ենթակառուցվածքի համար»։
Ամենամեծ նոր իջվածքը, որը գոյացել է այս տարիներին, հասնում է 225 x 95 մետր չափերի եւ 29 մետր խորության։ Հայտնաբերվել է 41 իջվածք՝ 6,7 մետր միջին խորությամբ։ Բացի նրանցից, Արկտիկայի հատակում գոյացել են նաեւ մոտ 50 մետր տրամագծով եւ 10 մետր բարձրությամբ «բլուրներ»։