Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսով անվտանգության հարցեր են քննարկել
Վրաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալքալիանին եւ Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են տարածաշրջանի գործընթացները, Ուկրաինայում շարունակվող պատերազմը եւ դրա հետեւանքով անվտանգության ոլորտում ստեղծված բարդ իրավիճակը։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Այս համատեքստում հատկապես նշվել է Թուրքիայի ակտիվ ջանքերի կարեւորությունը՝ հրադադարի եւ ներկայիս հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղիներ գտնելու համար։
Հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Վրաստանի առջեւ ծառացած անվտանգության մարտահրավերները, այդ թվում՝ Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող իրավիճակը։ Թուրքական կողմն իր հերթին հաստատել իր վճռական աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը ու եվրաատլանտյան նկրտումներին եւ դատապարտել օկուպացված Աբխազիայում անցկացված, այսպես կոչված, խորհրդարանական ընտրությունները։
Նախարարները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի անցկացման հնարավորությունը։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ինտենսիվ երկխոսությունը եւ երկկողմ այցեր իրականացնել»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։