Բլինքենն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ուկրաինայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային: Նշելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև լարվածության մասին վերջին հաղորդագրությունները՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական շփումները ՝ մնացած բոլոր հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար»,- ասել է դիվանագետը։