Կրեմլում մեկնաբանել են ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտի հնարավոր ժամկետները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ առցանց բանակցությունները շարունակվում են։ Ընդ որում, դեռ վաղ է որեւէ կանխատեսումներ անել, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը, փոխանցում է «Գազետա»-ն:
«Երկու պատվիրակությունների միջեւ աշխատանքը շարունակվում է, այն իրականացվում է տեսակոնֆերանսների միջոցով։ Աշխատանքը բարդ է, սակայն այն շարունակելու փաստն ինքնին դրական է։ Մենք չենք ուզում կանխատեսումներ անել, պետք է սպասել արդյունքներին»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մեկ շաբաթվա ընթացքում կամ մայիսին։
Պեսկովի խոսքով՝ վաղաժամ է նաեւ հրապարակայնորեն քննարկել, թե ինչ ձեւաչափով է լինելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ստորագրված փաստաթուղթը, ինչպես նաեւ՝ երաշխավոր երկրների ներգրավման հարցը։
Մարտի 14-ին մեկնարկել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ առցանց ռեժիմով բանակցությունների չորրորդ փուլը։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնեց, որ Ռուսաստանի հետ բանակցություններում մինչեւ մարտի 15-ը տեխնիկական դադար է վերցվել:
Ռուսական եւ ուկրաինական կողմերի միջեւ արդեն բանակցությունների երեք փուլ է անցել։ Վերջին հանդիպումից հետո ուկրաինական կողմը հայտարարեց, որ հումանիտար միջանցքների հարցում «դրական տեղաշարժեր» կան, սակայն առայժմ արդյունքներ չկան, որոնք էապես կբարելավեին իրավիճակն Ուկրաինայում։ Իր հերթին ռուսական պատվիրակությունը նշել է, որ սպասելիքներն ուկրաինական կողմի հետ բանակցությունների հերթական փուլից չարդարացան։