«Աերոֆլոտը» կվերսկսի չվերթները դեպի Երևան և Բաքու
«Աերոֆլոտը» մարտի 21-ից կվերսկսի կանոնավոր չվերթները Մոսկվայից Բաքու, իսկ մարտի 22-ից՝ դեպի Երեւան, հայտնել է ավիափոխադրողը։
Երկու ուղղություններով թռիչքները կիրականացվեն ամեն օր Superjet 100 ինքնաթիռներով։
Ինչպես հաղորդվել էր, մարտի 8-ից «Աերոֆլոտը» չեղարկել էր բոլոր միջազգային չվերթները, դեպի Մինսկ թռիչքներից բացի։ Որոշումը հետեւել էր «Ռոսավիացիա»-ի առաջարկությանը. կարգավորիչն ավիաընկերություններին կոչ էր արել դադարեցնել չվերթներն արտասահման՝ ինքնաթիռների կալանքից խուսափելու համար, որոնք սկսվել են ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների ներդրումից հետո: Առաջարկությունները չէին վերաբերում այն փոխադրողներին, որոնց դեպքում կալանքի վտանգ չկա. դրանց ինքնաթիռները պետք է գրանցված լինեն ՌԴ-ում, ապահովագրված եւ վերաապահովագրված լինեն ռուսական ապահովագրողների կողմից, ընդ որում, պետք է պատկանեն ռուս վարձատուներին կամ հենց փոխադրողներին։