Մեքսիկայի հյուսիսում լքված տներում գտել են 26 մարդու մնացորդներ
Անհայտ կորածների որոնմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամները Մեքսիկայի հյուսիսային Սոնորա նահանգում գտել են 26 մարդու մնացորդներ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել էր Televisa հեռուստաալիքը՝ հղում կատարելով շրջանի դատախազությանը։
Դիակները գտնվել են Սյուդադ Օբրեգոն քաղաքի լքված տների բակերի թաղատեղիներում։ Իշխանությունների ներկայացուցիչները սկսել են լաբորատոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են մահացածների ինքնությունը պարզելու համար։ Նախնական տվյալներով՝ խոսքը շրջանում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումների զոհերի մասին է։
Սյուդադ Օբրեգոնը 2021թ. զբաղեցրել է աշխարհի 50 ամենավտանգավոր քաղաքների վարկանիշի երկրորդ հորիզոնականը։ Ցուցակը կազմել է «Հանրային անվտանգության եւ քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ» մեքսիկական հասարակական կազմակերպությունը։ Առաջին տեղը զբաղեցրել է Սամորան, որը գտնվում է Միչոական նահանգի արեւմուտքում։
Հանրային անվտանգության եւ քաղաքացիների պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2021թ. Մեքսիկայում բռնության զոհ է դարձել 33 308 մարդ՝ 1 246-ով պակաս, քան մեկ տարի առաջ։ Դիտավորյալ սպանությունների կեսը կատարվում է վեց՝ Գուանահուատո, Մեխիկո, Միչոական, Ներքին Կալիֆոռնիա, Խալիսկո եւ Չիուաուա նահանգներում։