Թուրքմենստանի նախագահական ընտրություններում հաղթել է Սերդար Բերդիմուհամեդովը
Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Թուրքմենստանի կառավարող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 72,97 տոկոսը։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել է երկրի Ընտրություններ եւ հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովը։
«Թուրքմենստանի Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022թ. մարտի 14-ի որոշման հիման վրա՝ Թուրքմենստանի կառավարության փոխվարչապետ Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովը, որը հավաքել է ընտրողների ձայների 72,97 տոկոսը, Թուրքմենստանի ընտրված նախագահ է ճանաչվել»,- նշվել է ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Հանձնաժողովը հիշեցրել է, որ Թուրքմենստանի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել մարտի 12-ին։ Քվեարկությանը մասնակցել է 3 362 052 մարդ կամ գրանցված ընտրողների 97,147 տոկոսը, տեղեկացրել է ընտրական հանձնաժողովը։
Ընտրություններին մասնակցել է ինը թեկնածու, որոնցից ութը ստացել է ձայների 1,08 - 2,22 տոկոսը, տեղեկացրել են ընտրական հանձնաժողովում։
Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են մարտի 12-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էր ինը թեկնածու։