«Դադարեցրեք պատերազմը» գրությամբ պաստառով քաղաքացին եթերի ժամանակ վազելով մտել է ՌԴ «Առաջին ալիքի» տաղավար
«Առաջին ալիքի» ուղիղ եթերում երեկոյան լուրերի թողարկման ժամանակ վազելով հակապատերազմական պաստառ բռնած աղջիկ է մտել»»:
Նա, ձեռքում պաստառ բռնած, հայտնվել է «Վրեմյա» հաղորդման հաղորդավար Եկատերինա Անդրեեւայի հետեւի կադրում։ Հեռարձակումը չի ընդհատվել, աղջկան մի քանի վայրկյան են ցուցադրել։
«Վրեմյա» հաղորդման եթերում, իրոք, կադրում կողմնակի անձի հետ միջադեպ է տեղի ունեցել։ Ծառայողական ստուգում է ընթանում»,- РБК-ին հայտնել են «Առաջին ալիքի» մամուլի ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ եթերում բողոքի ակցիան Մարինա Օվսյաննիկովան է արել, նա խմբագիր է աշխատում։ Նրան տարել են «Օստանկինո»-ի ոստիկանական բաժանմունք։ Ենթադրաբար, «Առաջին ալիք»-ի աշխատակցի նկատմամբ արձանագրություն է կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.3.3-րդ հոդվածով՝ զինվորական գրաքննության մասին՝ ՌԴ զինված ուժերը վարկաբեկելու համար։ Օվսյաննիկովայի մոտ է գնացել փաստաբան Դանիիլ Բերմանը, հայտնում է իրավապաշտպան Պավել Չիկովը, տեղեկացնում է «Ինսայդերը»։
Մարինա Օվսյաննիկովան նաեւ տեսաուղերձ է ձայնագրել, որում խոսել է իր արարքի դրդապատճառների մասին. «Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, հանցագործություն է, իսկ Ռուսաստանը ագրեսոր երկիր է, եւ այդ ագրեսիայի պատասխանատվությունը միայն մեկ մարդու խղճի վրա է եւ այդ մարդը Վլադիմիր Պուտինն է։ Հայրս ուկրաինացի է, մայրս՝ ռուս, եւ նրանք երբեք թշնամիներ չեն եղել։ Եւ իմ վզին այս վզնոցը խորհրդանիշն է այն բանի, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի եղբայրասպան պատերազմը, եւ մեր եղբայրական ժողովուրդները դեռ կկարողանան հաշտվել։ Ցավոք, վերջին տարիներին ես աշխատել եմ «Առաջին ալիքում», զբաղվել եմ կրեմլյան քարոզչությամբ, եւ հիմա շատ եմ ամաչում դրա համար։ Ես ամաչում եմ, որ թույլ եմ տվել հեռուստաէկրաններից սուտ խոսել, ամաչում եմ, որ թույլ եմ տվել զոմբիացնել ռուս մարդկանց։ Մենք լռեցինք 2014թ․, երբ այս ամենը նոր էր սկսվում, մենք հանրահավաքների չէինք գնում, երբ Կրեմլը թունավորեց Նավալնուն։ Մենք ուղղակի լուռ նայում էինք այս հակամարդկային ռեժիմին, ու հիմա ամբողջ աշխարհը երես է թեքել մեզանից։ Եվ մեր երեխաների եւս տասը սերունդ չի մաքրվի այս եղբայրասպան պատերազմի ամոթից։ Մենք ռուս մարդիկ ենք, մտածող եւ խելացի, միայն մենք կարող ենք կանգնեցնել այս ողջ խելագարությունը։ Դուրս եկեք հանրահավաքների, ոչ մի բանից մի վախեցեք, նրանք բոլորիս բանտարկել չեն կարող»։