Բեռլինն ու Անկարան աշխատում են Ուկրաինայում զինադադարի հասնելու ուղղությամբ. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ Բեռլինն ու Անկարան աշխատում են Ուկրաինայում զինադադարի հասնելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Շոլցը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ամեն օր Ռուսաստանը հեռանում է համաշխարհային հանրությունից։
«Մենք միանգամայն միակարծիք ենք այն հարցում, որ պետք է հնարավորինս շուտ զինադադար ձեռք բերել»,-ասել է Շոլցը։ Նա նշել է Ուկրաինայի խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքների ստեղծման կարևորությունը։
«Ամեն օր, ամեն ռումբով, Ռուսաստանը ավելի ու ավելի է հեռանում համաշխարհային հանրությունից»,- ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա հանդես է եկել հակամարտության դիվանագիտական լուծման օգտին։ «Կարևոր է, որ մենք ամեն ինչ անենք, որպեսզի նման երկխոսությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չընդհատվի, այլ շարունակվի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածից վեր են»։ «Մենք ցանկանում ենք համոզվել, որ Ուկրաինան կարող է պաշտպանել իրեն: Մենք դա անում ենք ֆինանսական, հումանիտար օգնության միջոցով: Այս առումով ես ուզում եմ ասել, որ Թուրքիայի կողմից Բոսֆորի փակումը կողմերի համար Մոնտրոյի կոնվենցիայով այս ճգնաժամի դեէսկալացիայի հարցում կարևոր ներդրում է»,- պնդում է Շոլցը։