Շիրակի մարզի ջրամբարները ձմեռացումից հետո պատրաստ են ոռոգման ջուր կուտակել
Շիրակի մարզում ձյան շերտն ավելացել է վերջին օրերի առատ տեղումներից։ Մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը հավաստիացնում է, որ ոռոգման սեզոնին մարզում ջրի խնդիրը մեծ չի լինի։
Հիշեցնենք, անցած տարի Կառնուտի ջրամբարից սնուցվող ցանքատարածքները, հիմնականում Ախուրյանի տարածաշրջանում, ոռոգման ջրի պակասի պատճառով նորմալ բերքատվություն չապահովեցին։ Ջրի դեֆիցիտը գյուղացիական տնտեսությունները կապում էին Կառնուտի ջրամբարի ջուրն էներգետիկ նպատակներով օգտագործելու հետ։ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը ոռոգման ջրի պակասը այլ պատճառներով պայմանավորեց։
«Նախորդ տարվա խնդիրը, իմ խորին համոզմամբ, կապված էր սակավաջրության, տեղումների ցածր քանակի ու նաև օդի հարաբերական խոնավության ցածր լինելու հետ։ Որովհետև ցածրադիր հատվածներում արդեն նախատեսվածից շուտ սկսեցին ոռոգում իրականացնել, և դոտացիոն սկզբունքով Կառնուտին տրամադրվող ջուրն արդեն ուղղվեց դեպի դաշտեր»,- ասել է Ռոման Համայակյանը։
Ժամանակին ջուր չունենալու մեղավորը, ըստ գյուղվարչության պետի, նաև հողագործներն են, որ ջրօգտագործողի հետ պայմանագրի կնքումը թողնում են վերջին օրվան, երբ ջուրն արդեն հասնում է իրենց դաշտերին։ Պայմանագրերի ժամանակին կնքումը նաև թույլ կտա ջրօգտագործող ընկերությանը հստակ տվյալներ ունենալ, թե ինչքան ջուր է անհրաժեշտ կուտակելու և ոռոգման սեզոնին ժամանակին ջրթող կատարելու։
Կառնուտի ջրամբարն ունի 22 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն ամբողջությամբ ջուր չի կուտակվում, քանի որ ջրակորուստներն են շատ։
«Այո, ջրամբարը որոշակի ջրակորուստներ ունի, բայց կա որոշակի քանակություն, որի դեպքում նվազագույնի են հասցվում կորուստները։ Մոտ 18 մլն խորանարդի մասին է խոսքը»,- նշել է Ռոման Համայակյանը։
Այս պահի դրությամբ Կառնուտի ջրամբարում կուտակված է այնքան ջուր, որքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, դեռ 100 հազար մետրով էլ ավելի։ Արփի լճում, նախորդ տարվա համեմատ, այս պահին կուտակված ջուրը պակաս է, սակայն հաշվի առնելով տեղանքի ձնառատ լինելը և բնական աղբյուրները, հնարավոր կլինի ոռոգման սեզոնին անհրաժեշտ քանակության ջուր կուտակել։