Դոնեցկում «Տոչկա-Ու»-ի արձակած հրթիռի բեկորներից 35 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ
Դոնեցկում «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգից ուկրաինացի զինվորականների կողմից արձակված հրթիռի բեկորներից մի քանի տասնյակ մարդ տեղափոխվել է քաղաքային հիվանդանոցներ,- Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) առողջապահության նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Օպրիշչենկոյի հայտարարությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ հրթիռակոծության ժամանակ տեղում մահացել է 18 մարդ, ևս երկու հոգի ծանր վերքերից մահացել է հիվանդանոցում։ Օպրիշչենկոն հայտնել է, որ ընդհանուր առմամբ Դոնեցկի հիվանդանոցներ է տեղափոխվել 35 տուժած։
«Երեքի վիճակը ծանր է, երկուսը ծայրահեղ ծանր, նրանք մահացել են, մնացածն այժմ օգնություն են ստանում։ Նրանք կամ վիրահատարաններում են, կամ արդեն վերակենդանացման բաժանմունքներում»,- պարզաբանեց նա։
Օպրիշչենկոն նաև հավելել է, որ տուժածների թվում կա մեկ երեխա, որի վիճակը միջին ծանրության է։ ԴԺՀ-ի առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այս պահին երեխան օգնություն է ստացել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։