Չեռնոբիլի ատոմակայանի անձնակազմն ի վիճակի չէ աշխատել
Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակազմն այլևս չի իրականացնում սարքավորումների վերանորոգում և սպասարկում, ասվում է Էներգոատոմ պետական ընկերության մարտի 14-ի հայտարարության մեջ՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին։
Դա պայմանավորված է ֆիզիկական և հոգեբանական հոգնածությամբ գրեթե երեք շաբաթ շարունակական աշխատանքից հետո: «211 մարդ՝ տեխնիկական անձնակազմը և անվտանգության աշխատակիցները, դեռևս չեն կարող փոխվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գրոսին հիշեցրել է, որ Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցները հերթափոխ են մտել օբյեկտի տարածք ռուսական ներխուժման նախօրեին։
«Իրավիճակի վատթարացման պատճառով Ուկրաինայում ատոմակայանների անվտանգությունն ապահովելու ՄԱԳԱՏԷ-ի նախաձեռնությունը գնալով ավելի կարևոր է դառնում»,- ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։
Հիշեցնենք, որ ռուսական զորքերը Բելառուսից մտել են Չեռնոբիլի գոտի՝ Կիևը գրավելու համար միջանցք ապահովելու համար։
Մարտի 9-ին առանց էլեկտրականության են մնացել Չեռնոբիլի ատոմակայանը, արգելված գոտում գտնվող բոլոր միջուկային օբյեկտները և Սլավուտիչ քաղաքը։ Մարտերն անհնարին են դարձրել վերանորոգման աշխատանքներն ու էլեկտրամատակարարման վերականգնումը։