Սլովակիան արտաքսում է ՌԴ դեսպանատան 3 աշխատակցի. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է
Սլովակիան արտաքսում է հանրապետությունում ՌԴ դեսպանատան երեք աշխատակցի. Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Յուրաջ Տոմագան, որի խոսքերը երկուշաբթի մեջբերում է TASS լրատվական գործակալությունը։
«Սլովակիան որոշել է արտաքսել հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի»,- ասել է Տոմագան։ «Պատճառը նրանց գործունեությունն է, որն անհամատեղելի է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հետ»,- փաստարկել է նա։
Ինչպես երկուշաբթի հաղորդել է Բրատիսլավայի «Պրավդա» թերթը, Սլովակիայի ոստիկանությունը Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով ձերբակալել է հանրապետության պաշտպանության նախարարության և Սլովակիայի տեղեկատվական ծառայության (հակհետախուզության) մի քանի աշխատակիցների։
Ձերբակալվածների թվում են, մասնավորապես, սլովակ գնդապետ, ինչպես նաև Main News կայքի հետ համագործակցող անձ, ում գործունեությունն արգելվել է իշխանությունների կողմից՝ ապատեղեկատվության տարածման պատճառով։ Առնվազն երեք մարդ բերման է ենթարկվել։ Ըստ թերթի՝ նրանք գումար են ստացել Սլովակիայում ՌԴ դեսպանատան աշխատակցից:
Ռուսաստանի Դաշնությունն անարձագանք չի թողնի Սլովակիայից ռուս դիվանագետների արտաքսումը։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։
«Այս անհիմն գործողությունն անպատասխան չի մնա»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունից։