Թուրքիան այժմ շահագրգռված չէ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան այժմ շահագրգռված չէ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով, առավելություն են տալիս ռուսական S-400-ներին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
«Ներկայումս մեր կողմից Patriot-ի պահանջարկ չկա, եթե խոսում ենք պաշտպանական արդյունաբերության մասին, ապա էջը շրջել ենք, այդ հարցը հանվել է Պաշտպանական արդյունաբերության վարչության օրակարգից, քանի որ մեզ որպես զրուցակից չէին ընկալում։ Պետք չէ հոսանքին հակառակ լողալ»,- ասել է նա Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում։
«Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգերին, ապա կարող ենք ասել հետևյալը՝ ներկայումս ունենք 4 տեսակի ՀՕՊ համակարգեր, որոնց թիվը 3-4 տարի առաջ զրոյական էր, տեղադրվել են Korkut, Sungur, HİSAR A+ և HİSAR 0+։ Մենք իրականացրել ենք Siper-ի առաջին փորձարկումները: Մեր արտադրանքը մեկը մյուսի հետևից կհայտնվի տարբեր հնարավորությունների տիրույթում: ՀՕՊ-ը շատ կարևոր խնդիր է: Իհարկե, մինչ այժմ Թուրքիան օգտագործում էր ինքնաթիռներ՝ հակազդելու համար հարձակումներին:
S-400-ը չի կարելի անտեսել, սա աշխարհի լավագույն հակաօդային պաշտպանության համակարգերից մեկն է: Ես կարծում եմ, որ այն մեծ առավելություն է հակաօդային պաշտպանությունում»,- ասել է Դեմիրը։