Թայվանի ՌՕՈւ-ն ևս մեկ կործանիչ է կորցրել, սա երկրորդ աղետն է երեք ամսվա մեջ
Թայվանյան Mirage 2000 կործանիչն ընկել է ծովը կղզու հարավարեւելյան ափի մոտ։ Օդաչուին հաջողվել է փրկվել, տեղեկացրել է նախագահի աշխատակազմը։ Սա արդեն մարտական ինքնաթիռի երկրորդ կորուստն է երեք ամսում, տեղեկացրել է Reuters-ը։
Նախագահի աշխատակազմում ասել են, որ ֆրանսիական արտադրության ինքնաթիռը ուսումնական առաքելություն էր կատարում Թայդունի Չիհան ավիաբազայից։ Հաղորդագրությունում նշվել է, որ ինքնաթիռի վերականգնման եւ հետաքննության աշխատանքները շարունակվում են։
Թայվանը իր առաջին Mirage ռեակտիվ ինքնաթիռներն ստացել է 1997թ.։
Հունվարին ՌՕՈւ-ն դադարեցրել էր իր F-16-ների տորմիղի մարտական պատրաստություններն այն բանից հետո, երբ վերջերս կործանիչի արդիականացված մոդելը նույնպես կործանվել էր ծովն ընկնելով, ինչի հետեւանքով օդաչուն զոհվել էր։
Անցած տարի երկու F-5E կործանիչներ, որոնք Թայվանի սպառազինությունում առաջին անգամ հայտնվել են 1970-ական թթ., կործանվել էին՝ ծովն ընկնելով, ըստ երեւույթին այն պատճառով, որ ուսումնական առաքելության ժամանակ բախվել էին օդում։ Այդ ինքնաթիռները նույնպես թռիչքն սկսել էին Չիհան ավիաբազայից։
2020թ. վերջին F-16-ն անհետացել էր Հուալյան ավիաբազայից թռիչքն սկսելուց շատ չանցած, Թայվանի արեւելյան ափին, սովորական ուսումնական առաքելության ժամանակ։