Զելենսկին կրկին կոչ է արել ՆԱՏՕ-ին փակել Ուկրաինայի երկինքը
Եթե ՆԱՏՕ-ն չփակի մեր երկինքը, ապա ռուսական հրթիռները կընկնեն Դաշինքի երկրների քաղաքացիների տների վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ անցյալ տարի նա զգուշացրել է ՆԱՏՕ-ի առաջնորդներին, որ եթե Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ կանխարգելիչ պատժամիջոցներ չլինեն, նա կպատերազմի։ «Մենք ճիշտ էինք։ Ես վաղուց եմ ասում, որ Հյուսիսային հոսք 2-ը զենք է, որը հարված է հասցնելու ամբողջ Եվրոպային։ Հիմա դա ակնհայտ է։ Եվ հիմա նորից եմ կրկնում՝ եթե չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»,- ասել է Զելենսկին։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը բազմիցս հայտարարել է, որ դաշինքը չի մտցնի ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի վրա, քանի որ դա հղի է դաշինքի տարածքում հակամարտության սրմամբ՝ ընդհուպ մինչեւ Երրորդ համաշխարհային պատերազմ։