Ռուսաստանում Instagram-ը ներառվել է սահմանափակ հասանելիություն ունեցող ռեսուրսների ռեեստրում
Instagram սոցիալական ցանցը մտցվել է օրենքի խախտմամբ տարածվող տեղեկատվության ռեեստր, վկայում են «Ռոսկոմնադզոր»-ի՝ կայքերի եւ կայքէջերի հասանելիության սահմանափակումն ստուգելու սերվիսի տվյալները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Հավաստիացվել է, որ հասանելիությունը սահմանափակվել է ՌԴ գլխավոր դատախազության մարտի 11-ի որոշման հիման վրա։
Ավելի վաղ գլխավոր դատախազությունը պահանջել էր Meta Platforms Inc. ընկերությունը, որի մեջ մտնում են Facebook-ը, Instagram-ը եւ WhatsApp մեսենջերը, ճանաչել ծայրահեղական կազմակերպություն եւ արգելել նրա գործունեությունը ՌԴ-ում։
Բացի այդ, ՌԴ Քր.օր. 205.2 հոդվածի 2-րդ մասով («Ահաբեկչության քարոզ») եւ ՌԴ Քր.օր. 282 հոդվածի 2-րդ մասով («Ատելության եւ թշնամանքի հարուցում՝ բռնության կիրառման սպառնալիքով») նախատեսված հանցագործությունների հանցանշանների առկայության հետ կապված՝ գլխավոր դատախազությունը ՌԴ ՔԿ է ուղարկել նյութեր քրեական հետապնդման հարցը լուծելու մասին։
Գլխավոր դատախազությունում տեղեկացրել են, որ տվյալների համաձայն, որոնք հաստատվել են Meta Platforms-ի մամուլի քարտուղար Էնդի Սթոունի կողմից մարտի 11-ին, Ուկրաինայում իրադարձությոնների համատեքստում ընկերությունը ժամանակավորապես իր սոցիալական ցանցերից հանել է այնպիսի տեղեկատվության տեղադրման արգելքը մի շարք երկրների բնակիչների համար, որը պարունակում է բռնության կոչեր ռուսաստանցի քաղաքացիների, այդ թվում զինծառայողների դեմ։
Ավելի ուշ Meta-ն հայտարարել էր, որ կազմակերպության քաղաքականության վերջին փոփոխությունները Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ կապված արտահայտությունների առումով կարող են վերանայվել հետո, բայց ոչ հիմա։ Ինչպես նշել է ընկերության փոխնախագահ Նիկ Քլեգը Թվիթերում, ընկերության գործողություններն ուղղված չեն ՌԴ-ի եւ ռուսաստանցիների դեմ։ Նա նաեւ ընդգծել է, որ ընկերությունը իր պլատֆորմներում «ռուսատյացություն եւ որեւէ խտրականություն, ճնշում կամ բռնություն չի հանդուրժի ռուսաստանցիների դեմ»։