Ստաս Նազարյանը՝ Պեկինի Պարալիմպիկ խաղերին չմեկնելու հնարավոր պատճառների մասին
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված ձմեռային Պարալիմպիկ խաղերում Հայաստանը մասնակից չունեցավ, սակայն մեկ մասնակից պետք է ունենար: Պեկինում Հայաստանը պետք է ներկայացներ Ստաս Նազարյանը, որը մասնակցել է նաեւ Տոկիոյի Պարալիմպիկ խաղերին:
Ստաս Նազարյանը ամառային Պարալիմպիկ խաղերում հանդես էր գալիս պարաաթլետիկա մրցաձեւում, սայլակավազքում: Ձմեռային Պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչը պետք է մասնակցեր դահուկավազքում, բայց նրա մասնակցությունը չհաստատվեց:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ստաս Նազարյանը մանրամասնել է Պեկին չմեկնելու, սպիտակ քարտով մասնակցելու հնարավորություն ունենալու եւ Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի հետ ունեցած տարաձայնության մասին:
Ստաս, Դուք նվաճե՞լ էիք ձմեռային Պարալիմպիկ խաղերի վարկանիշ եւ որ մրցաշարերում:
2021 թվականի նոյեմբերին Դուբայում մասնակցել եմ լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարի եւ զբաղեցրել երրորդ տեղը: Այդ մրցաշարում Հայաստանն ուներ երեք ներկայացուցիչ: Նրանցից լավագույն արդյունքն իմն էր: Դրանից հետո դեկտեմբերին Ֆինլանդիայում մասնակցել եմ դահուկավազքի Եվրոպայի գավաթին, որտեղ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ ես եւ Սմբատ Կարապետյանը: Ես մասնակցել եմ 5 եւ 10 կմ մրցատարածություններում, իսկ Սմբատ Կարապետյանը մասնակցել է միայն 5 կմ-ում: Այս մրցատարածությունում առավելությունն իմն էր: 2,5-3 րոպե Սմբատից շուտ եմ հատել եզրագիծը: Այսինքն՝ այստեղ էլ լավագույն արդյունքը Հայաստանից ես եմ ցույց տվել:
Այսինքն՝ այդ արդյունքներով լրացրե՞լ եք Պարալիմպիկ խաղերի վարկանիշ:
Ես պետք է մասնակցեի սպիտակ քարտով: Այս մրցաշարերից հետո, միջազգային պարալիմպիկ կոմիտեն արդեն պետք է Խաղերի քվոտաներ տար, այսինքն՝ սպիտակ քարտեր: Ամեն Խաղերում այդպես է եղել: Եթե նույնիսկ մարզիկները վարկանիշ ձեռք չեն բերում, պարտադիր սպիտակ քարտեր են տալիս, որ տվյալ երկիրը գոնե մասնակցություն ունենա, գոնե մեկ ներկայացուցիչ ունենա: Այս տարի, չհասկացա, թե ինչպես եւ ինչու, մենք մասնակից չունեցանք, ինձ մասնակցության իրավունք չտվեցին:
Ինչո՞ւ: Միջազգային Պարալիմպիկ կոմիտեն չի տվե՞լ սպիտակ քարտ, թե՞ այլ խնդիր է:
Անկեղծ կլինեմ, Տոկիոյի ամառային Պարալիմպիկ խաղերից հետո ես որոշակի խնդիրներ ունեցա Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեի հետ: Կարծում եմ՝ պատճառն այդտեղ է թաքնված: Կամ Պարալիմպիկ կոմիտեի նախագահն ինձ համար չի դիմել միջազգային կոմիտե, կամ, առհասարակ չի դիմել մեր երկրի մասնակցության համար, չգիտեմ: Որեւէ տեղեկություն չունեմ: Ես սկզբում նշեցի իմ արդյունքները, որպեսզի հասկանալի լիներ, որ եթե Հայաստանն ունենար մասնակից, այդ մասնակիցը ես պետք է լինեի, քանի որ իմ արդյունքներն էր բարձր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: