Ռուսաստանը Չինաստանից ռազմական աջակցություն, այդ թվում՝ անօդաչուներ է ակնկալում
Ռուսաստանը Չինաստանից ռազմական, այդ թվում անօդաչուներ, ինչպես նաեւ տնտեսական օգնություն է ակնկալում ուկրաինական ճգնաժամի հետ կապված, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով պաշտոնական երկու անձանց։
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ այս մասին հարցապնդումն արվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Պաշտոնյան հրաժարվել է մանրամասն նկարագրել Չինաստանի արձագանքը, բայց նշել է, որ չինացիները պատասխանել են։
Ռուսաստանի ռազմական օգնության մասին խնդրանքի վերաբերյալ CNN-ի հարցին ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լյու Պենյույը պատասխանել է, որ երբեք չի լսել այդ մասին։
Լյուն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի իրավիճակի առնչությամբ եւ ասել, որ Չինաստանը տրամադրում է եւ շարունակելու է տրամադրել մարդասիրական օգնություն Ուկրաինային։ «Այժմ գլխավոր առաջնահերթությունը լարված իրավիճակի սրացումը եւ անգամ դրա անվերահսկելիությունը կանխելն է... Չինաստանը կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ թույլ չտալ մասշտաբային հումանիտար աղետ»,- նշել է նա։
Չինաստանին Ռուսաստանի դիմելու մասին տեղեկացրել են նաեւ ամերիկյան այլ ԶԼՄ-ներ։
Նշենք, որ այսօր Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը պետք է հանդիպի չինացի գործընկերոջ՝ Յան Ցզեչիի հետ։
Սալիվանը նախօրեին CNN-ին ասել էր, որ Չինաստանը, Ռուսաստանին աջակցություն ցուցաբերելով, «անհանգստություն» է արտահայտում։ «Մենք նաեւ ուշադիր հետեւում ենք, թե Չինաստանն ինչ աջակցություն (նյութական, թե տնտեսական) է ցուցաբերում Ռուսաստանին։ Եվ մենք Պեկինին տեղեկացրել ենք, որ մի կողմ քաշված չենք մնա եւ թույլ չենք տա որեւէ երկրի՝ փոխհատուցել Ռուսաստանի կորուստները տնտեսական պատժամիջոցներից»,- ասել է Սալիվանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Պեկինին հստակ հասկացրել է, որ Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնելու «խոշորածավալ» ջանքերը «անպայման հետեւանքներ կունենան»։