Սպիտակ տունը հրաժարվել է ավելի շատ հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանին սադրելու մտավախության պատճառով
2021թ․ դեկտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան զինվորականները օրենսդիրներին հայտնել էին, որ ցանկանում են հատուկ գործողությունների անցկացման ստորաբաժանումներից «մի քանի հարյուր» լրացուցիչ զորքեր ուղարկել Ուկրաինա՝ ռազմական խորհրդատվություն տրամադրելու եւ ոչ ավանդական պատերազմի անցկացման մեթոդներ սովորեցնելու համար: «Այն ժամանակ Ռուսաստանը մոտ 100 000 զինվոր էր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին, եւ Վաշինգտոնում ու Եվրոպայում աճում էր անհանգստությունը ներխուժման առնչությամբ»,- գրում է Politico-ն:
Սակայն Սպիտակ տան պաշտոնյաների շրջանում կասկածներ են առաջացել դրա վերաբերյալ, եւ զորքերը այդպես էլ չեն ուղարկվել, ասել են երկու աղբյուրներ, որոնք ծանոթ են դեկտեմբերին Կոնգրեսում անցկացված ճեպազրույցների բովանդակությանը: Աղբյուրները նաեւ հայտնել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պլանավորել էր ուղղակի ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրա, որպեսզի նա հաստաի առաքելությունը:
Նրանց խոսքով՝ Սպիտակ տունը մտահոգված էր, որ զորքեր ուղարկելը կսրի Ռուսաստանի հետ առանց այն էլ լարված իրավիճակը։ ԱՄՆ Կոնգրեսի մեկ այլ պաշտոնյա լրատվամիջոցին հայտնել է, թե Պենտագոնի պաշտոնյան Սենատի զինված ուժերի հանձնաժողովին տեղեկացրել է, որ այդ մտավախությունների պատճառով պլանները չեղարկվել են: Բայդենի վարչակազմը հույս ուներ, որ դիվանագիտությունը դեռ կարող է աշխատել եւ մտավախություն կար, որ ամերիկյան զորքերի ներհոսքը կարող է խափանել այդ ջանքերը:
Քննարկումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի համար արտակարգ բարդ պահին, երբ ամերիկյան պաշտոնյաները սկսել են ռուսական ծրագրված ներխուժման մասին մանրամասն հետախուզական տեղեկություններ փոխանակել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ:
Ընդ որում, Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ լրացուցիչ ուսումնական առաքելությունների «որեւէ նման պլան» երբեւէ չի ներկայացվել» Սպիտակ տանը կամ Ազգային անվտանգության խորհրդին։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Բայդենը եւ Սպիտակ տունը չեն չեղարկել Ուկրաինայի համար նախատեսված որեւէ ուսումնական միջոցառում, մինչեւ փետրվարին ամերիկյան զորքերը չեն վերատեղակայվել»: