ԱՄՆ-ում բենզինի միջին գինը երկու շաբաթվա ընթացքում 22 տոկոսով աճել է
ԱՄՆ-ում սովորական բենզինի գինը անցած երկու շաբաթվա ընթացքում աճել է 79 ցենտով եւ հասել է ռեկորդային մակարդակի՝ 4,43 դոլար մեկ գալոնի (3,8 լիտր) համար, քանի որ Ուկրաինայում իրավիճակը նպաստում է բենզինի առանց այդ էլ բարձր գների աճին, գրում է AP-ն:
Lundberg Survey-ից ոլորտի վերլուծաբան Թրիբլի Լունդբերգը հայտարարել է, որ նոր գինը 32 ցենտով բարձր է 2008թ․ հուլիսին հաստատված 4,11 դոլարի պատմական առավելագույնից: Սակայն դա դեռեւս բավական հեռու է ռեկորդային առավելագույնից՝ հաշվի առնելով ինֆլյացիան, որը մեկ գալոնի համար կազմում է մոտ 5,24 դոլար:
Լցակայաններում գինը 1,54 դոլարով ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։
Լունդբերգը նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում գազի գներն, ամենայն հավանականությամբ, բարձր կմնան, քանի որ ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած մատակարարման խնդիրների պայմաններում հում նավթի գինը կտրուկ է աճել:
Գազի գներն աճել էին Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ, քանի որ գազի պահանջարկն արգելափակումից հետո հանգեցրել էր գների բարձրացման: 2020-ի սկզբին նավթի գները կտրուկ նվազել էին, երբ աշխարհի տնտեսությունները կանգ էին առել կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այն ժամանակ ֆյուչերսների գինը նույնիսկ բացասական էր դարձել, այսինքն որոշ վաճառողներ վճարում էին գնորդներին, որպեսզի նրանք նավթ վերցնեին:
Սակայն գները վերականգնվել են, քանի որ պահանջարկը վերականգնվել է ավելի արագ, քան արտադրողները հանել են նավթը գետնից, եւ պաշարները վերջացել են:
Այնուհետեւ գների բարձրացումը արագացավ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո:
Էներգակիրների գները նույնպես նպաստում են 40 տարվա ամենաուժեղ ինֆլյացիային, որը շատ է առաջ անցել աշխատավարձերի աճից:
Ընդհանուր առմամբ, երկրում Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածքում սովորական բենզինի ամենաբարձր միջին գինը 5,79 դոլար է մեկ գալոնի համար: Ամենացածր միջին գինը Օկլահոմա նահանգի Թալս քաղաքում մեկ գալոնի համար 3,80 դոլար է:
Հետազոտության տվյալներով՝ դիզելային վառելիքի միջին գինը նույնպես կտրուկ աճել է՝ երկու շաբաթվա ընթացքում այն բարձրացել է 1,18 դոլարով՝ հասնելով մեկ գալոնի համար 5,20 դոլարի: Դիզելային վառելիքը 2,11 դոլարով ավելի թանկ է, քան մեկ տարի առաջ: