Բոլոր հաստատված հումանիտար միջանցքները շաբաթ օրը գործել են. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում հաստատված բոլոր հումանիտար միջանցքները շաբաթ օրը գործել են: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բոլոր հումանիտար միջանցքները, որոնք համաձայնեցվել էին, գործել են: Այսօր հաջողվել է դուրս բերել 12 729 մարդու: Մարիուպոլի համար հումանիտար բեռը պետք է ժամանի վաղը ցերեկը. բարդ երթուղու պատճառով ստիպված էին գիշերել Բերդյանսկում»-պատմել է Զելենսկին:
Ավելի վաղ Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ մարտի 12-ին հաջողվել է բնակիչներին տարհանել 14 հումանիտար միջանցքներից 9-ի միջոցով, հաղորդում է Gazeta-ն:
Մարտի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը երաշխավորում են լռության ռեժիմը Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու համար:
Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան ԼԺՀ եւ ԴԺՀ ղեկավարների՝ օգնության մասին խնդրանքի:
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ է ներկայացրել: