81 մարդ Սաուդյան Արաբիայում ենթարկվել է մահապատժի
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատիժ են իրականացրել 81 մարդու նկատմամբ, որոնք մեղավոր են ճանաչվել ծանր հանցագործությունների՝ սպանության, բռնաբարության և ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը։
«81 դատապարտվածներից յուրաքանչյուրը մեղադրվել է տարբեր ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունների, խոշտանգումների, բռնաբարության, զենքի մաքսանենգության, հավատարմության երդում տալու օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» և «Ալ-Քաիդան» և այլ կազմավորումներ»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, նախաքննության փուլում և դատավարության ընթացքում հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներից յուրաքանչյուրին երկիրն ապահովել է փաստաբանով և երաշխավորել նրանց իրավունքների պահպանումը Սաուդյան Արաբիայի օրենքներին համապատասխան։ Գործերը քննել է ընդհանուր առմամբ 13 դատավոր։