Ռուսական ֆրեգատը Միջերկրական ծովում հակասուզանավային պաշտպանության զորավարժություն է անցկացրել
«Ադմիրալ Կասատոնով» ֆրեգատը Միջերկրական ծովում զորավարժության ընթացքում «հետ է մղել» հակառակորդի տորպեդային հարձակումը, հաղորդում է«Интерфакс-АВН»-ը՝ հղում անելով Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությանը։
«Ռուսական նորագույն «Ադմիրալ Կասատոնով» ֆրեգատը, որը գործում է Միջերկրական ծովում Հյուսիսային նավատորմի ռազմանավերի ջոկատի կազմում, մշակել է հակասուզանավային պաշտպանության եւ նավի հակատորպեդային պաշտպանության հարցով մարտական-ուսումնական առաջադրանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նավատորմի շտաբի տվյալներով՝ զորավարժության ընթացքում ստուգվել է նավի հակասուզանավային հաշվարկի գործողությունների համակարգումը, կատարվել են պայմանական տորպեդների հայտնաբերման հարցով չափանիշները։
«Ական-տորպեդային զորամասի անձնակազմը հիդրոակուստիկայից թիրախային ցուցումներ ստանալուց հետո փաստացի կիրառման համար պատրաստել է հակասուզանավային զենքի համալիր։ Համակարգչով մոդելավորված հակատորպեդով կրակոցներ են արձակվել ստորջրյա թիրախների ուղղությամբ»,- հայտնել է մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հյուսիսային նավատորմի ռազմանավերի ջոկատը հունվարի 22-ին լքել է նավատորմի հիմնական բազան՝ Սեվերոմորսկ քաղաքը։ Երկար ճանապարհորդության ընթացքում ջոկատի նավերը անցել են ավելի քան 12,5 հազար ծովային մղոն, մի շարք վարժանք են անցկացրել հակաօդային պաշտպանության, հակասուզանավային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ծովահենության գործունեության կանխման մասով, ինչպես նաեւ մասնակցել Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովի գլխավորությամբ ռազմավարական զսպման միջոցառումներին։
«Ադմիրալ Կասատոնովը» 22350 նախագծի երկրորդ ֆրեգատն է։ Այս նախագծի առաջատար նավը՝ «Ադմիրալ Գորշկովը», 2018-ին փոխանցվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերին։
Այս նախագծի նավերը ստեղծվել են stealth տեխնոլոգիայի կիրառմամբ, նախատեսված են հեռավոր օվկիանոսային գոտում մարտական գործողություններ իրականացնելու, թշնամու օդային հարձակումը հետ մղելու համար։
Ֆրեգատները զինված են 130 մմ տրամաչափի Ա-192 հրետանային կայանքով, «Ռեդուտ» զենիթահրթիռային համալիրով եւ 16 «Օնիքս» կամ «Կալիբր-ՆԿ» հականավային հրթիռների արձակման համար կայանքներով։ Որպես հակասուզանավային զենք կիրառվել է «Պակետ-ՆԿ» համալիրը։ Ֆրեգատները կրում են ԿԱ-27 հակասուզանավային ուղղաթիռներ։