Anadolu. Չավուշօղլուն ՀՀ արտգործնախարարի հետ բանակցություններն անվանել է «շատ կառուցողական եւ արդյունավետ»
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններն անվանել է «շատ կառուցողական եւ արդյունավետ», հաղորդում է Anadolu-ն։
Ավելի վաղ Անթալիայում կայացել է Չավուշօղլուի եւ Միրզոյանի հանդիպումը։
Բանակցություններն ընթացել են Անթալիայում երկրորդ դիվանագիտական ֆորումի շրջանակում եւ տեւել են մոտ կես ժամ։
Կողմերը քննարկել են Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղիները։
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված քայլերը։ Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ մենք ջանքեր ենք գործադրում Կովկասում խաղաղության հաստատման համար։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ քայլերը դրական են ընկալվում նաեւ Ադրբեջանի կողմից։ Բաքուն աջակցում է այս գործընթացին։ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են բոլոր կողմերի շահերին»,- ասել է թուրք նախարարը։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ավելի վաղ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչները երկու հանդիպում են անցկացրել՝ հարաբերությունների կարգավորման նպատակով։
Նրա խոսքով՝ Անկարայի եւ Երեւանի միջեւ երկխոսության գործընթացին աջակցում է նաեւ Ադրբեջանը։
«Միրզոյանն, իր հերթին, հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել գործընթացն առանց նախապայմանների։ Նա նշեց, որ Երեւանը վճռական է տրամադրված Հարավային Կովկասում խաղաղությանը եւ կայունությանն ուղղված ջանքերի հարցում»,- գրում են թուրքական լրատվամիջոցները։