Ադրբեջանը և Իրանը նոր հաղորդակցական կապերի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել
Ադրբեջանը եւ Իրանը նոր հաղորդակցական կապերի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել, հաղորդում է IRNA-ն։
Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին, որը մեկնել էր Բաքու՝ մասնակցելու տտնտեսական համագործակցության հարցերով իրանա-ադրբեջանական միջկառավարական 15-րդ հանձնաժողովին, հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։ Նա կոչ է արել ընդլայնել տրանսպորտի ոլորտում համագործակցությունը։
Ալիեւն այդ հանդիպմանը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության զարգացման կապակցությամբ՝ նշելով, որ Ադրբեջանում հաղորդակցությունների բացումը ճանապարհ է հարթել տարածաշրջանային համագործակցության համար։
Ալիեւը փոխըմբռնման հուշագիրն անվանել է նոր հաղորդակցական կապեր՝ «Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի» եւ Նախիջեւանի ԻՀ-ի միջեւ Իրանի տարածքով տրանսպորտային միջանցք ստեղծելու համար:
Նա նաեւ գոհունակություն է հայտնել «ազատագրված» տարածքների վերականգնման ուղղությամբ իրանական ընկերությունների աշխատանքի մեկնարկի կապակցությամբ։
Ղասեմին, իր հերթին, նշել է, որ երկու երկրների միջեւ մշակութային ընդհանուր կապերը հանգեցրել են եղբայրական եւ բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը։
Նա նաեւ հույս է հայտնել, որ տրանսպորտային միջանցքի շնորհիվ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները կավելանան։