Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նա հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Ենս Ստոլտենբերգը Թուրքիային կոչ է արել միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ որպես դաշինքի անդամ երկիր: Նրա խոսքով՝ պատժամիջոցների միջոցով հնարավոր է ստիպել Ռուսաստանին թանկ գին կճարել և այդ հարցում Թուրքիան կարող է առանցքային դերակատարում ունենալ: Ավելի վաղ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան չի պատրաստվում փակել օդային տարածքը Ռուսաստանի համար՝ ելնելով ռազմավարական և հումանիտար մի շարք հանգամանքներից: Նախատեսվում է Ստոլտենբերգի և Թուրքիայի նախագահի հանդիպումը:
Անկարան, սակայն, ցանկանում է բաց պահել վստահության խողովակը։ Թուրքիան այս պահին չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը: Իբրահիմ Քալընը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Վոլոդիմիր Զելենսկին, հնարավոր է, որ մոտ ապագայում հանդիպեն: Իբրահիմ Քալընի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հեռախոսով խոսել է ռուս և ուկրաինացի գործընկերների հետ. Անկարան ձգտում է ակտիվ դեր խաղալ բանակցությունների կազմակերպման գործում։ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպմանն է անդրադարձել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի բացառվում հանդիպման հնարավորությունը, սակայն պատվիրակությունները և նախարարները նախապես պետք է համոզվեն, որ պետությունների ղեկավարները հանդիպում են հստակ արդյունքի համար։