«Հովեր» պետական կամերային երգչախումբը 30 տարեկան է
«Հովեր» պետական կամերային երգչախումբը նշում է հիմնադրման 30-ամյակը: Հոբելյանին ընդառաջ երգչախումբը կներկայացնի «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» խմբերգային ներկայացումը: Կամերային երաժշտության տանը համերգից առաջ վերջին փորձերն են:
Սոնա Հովհաննիսյան («Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար) - Ոչ մի տրադիցիոն բան չեմ ասի, և մեր բուկլետն էլ հենց այդպես է կազմված՝ մեր ավանդական կենսագրության պատումը չի, որ էստեղ ներկայացված է, և մեր ներկայացումն էլ գոյություն չունեցող ժանրով արված մի աշխատանք է, որովհետև խմբերգային ներկայացումներ, եթե արվում են, շատ քիչ են արվում, և էս ժանրի սիրահարը մենք ենք:
Սա երրորդ երաժշտական ներկայացումն է: Սրանից առաջ «Հովերը» ներկայացրել է Այգեկցու առակները և «Զուգահեռ» խմբերգային ներկայացումները: «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» ներկայացման կոմպոզիտորը Վաչե Շարաֆյանն է, ասում է՝ «Հովերի» հետ համագործակցության մասին գիրք կարելի է գրել, դա սեր էր առաջին հայացքից:
Վաչե Շարաֆյան (կոմպոզիտոր) - Սուտ չեմ խոսի, եթե ասեմ, որ մի հրաշալի համագործակցություն եղավ «Զարմանալի պարզ ու հասարական բաներ» ստեղծագործության վերաբերյալ: Մտահղացումը ծնվեց համատեղ խոսակցության արդյունքում Արմեն Բաբախանյանի հետ, հետո Նարինե Մալյանը միացավ, ու դարձավ շատ հետաքրքիր մի ծաղկեփունջ:
Ներկայացման համաշխարհային պրեմիերան կայացավ մոտ մեկ տարի առաջ: Ֆիլմեր, անիմացիա, երաժշտություն՝ Կամերային երաժշտության տանը հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» խմբերգային ներկայացման ամբողջական տարբերակը:
Նարինե Մալյան (ռեժիսոր) - Շատ խոչընդոտներ եղան ճանապարհին, ինչպես նաև ամբողջ աշխարհում, բայց ունեցա ստեղծագործական հրճվանքի շատ-շատ օրեր: Երջանիկ եմ, որ համագործակցեցի «Հովերի» հետ, Սոնայի, Վաչե Շարաֆյանի հետ և բազմաթիվ փայլուն պրոֆեսիոնալների հետ:
Աշխատանքի հեղինակները փակագծեր բացել չեն ցանկանում, որ ներկայացումն իր հմայքը չկորցնի, վստահ են՝ թատրոնի, երաժշտության, կինոյի սինթեզը հանդիսատեսին դուր կգա:
Գաղափարը հուշեց երաժշտությունը, որովհետև երաժշտությունն էր ոնց որ տանում իր հետևից, և երաժշտության հետևից շատ հաճույքով գնացինք, և ստացվեց, ինձ թվում է՝ շատ հետաքրքիր գործ: