Զելենսկին պատմել է Բայդենի հետ իր զրույցի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է, թե ինչպես կարելի է էլ ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու եւ խաղաղություն հաստատելու համար, հաղորդում է УНИАН-ը։
«Ռուսաստանը կզրկվի «Մեծ յոթնյակի» երկրների հետ նորմալ առեւտուր անելու հնարավորությունից։ Որքան քիչ դոլար վաստակի ռուսական բիզնեսը եւ որքան քիչ հարկեր ստանա ռուսական պետությունը, այնքան քիչ հնարավորություններ կունենան ռուս զինվորականները՝ մեր ժողովրդին սպանելու համար»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։
Նա նշել է, որ միջազգային առաջատար ընկերություններն արդեն հեռանում են ռուսական շուկայից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանություններն «իրենց երկիրը դուրս են բերում գլոբալ աշխարհից՝ պատերազմ սկսելով»։
Զելենսկին նշել է, որ Մոսկվայի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն արդեն հասել է նույնիսկ 200 ռուբլու։
«Բայց սա միայն սկիզբն է։ Միջազգային պատժամիջոցների մեկնարկը։ Հաջորդ քայլը Ռուսաստանում ընդհանրապես դոլարն արգելելն է։ Այսպիսով, արժույթի դեֆիցիտ կլինի։ Սա նշանակում է, որ փոխարժեքն էլ ավելի կբարձրանա, գները կբարձրանան։ Սա նաեւ նշանակում է, որ Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի կզգա, որ խաղաղության բացակայությունը սպառնալիք է անձամբ իր համար»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։