Բայրամով. Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել
Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել։ Այդ մասին Anadolu-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը Հայաստան է ուղարկել հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթ՝ բաղկացած 5 հոդվածից, եւ սպասում է պատասխանի։ Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է նա։ «Մոտ մեկ տարի է, ինչ Հայաստանից մեր առաջարկին արձագանք չկա։ Իր բարի կամքը դրսեւորելու համար ադրբեջանական կողմը վերջերս նոր առաջարկ է արել Հայաստանին։ Առաջարկը համապարփակ փաստաթուղթ է... Մենք հայկական կողմին առաջարկել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք ըստ էության ներառում են Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը։ Մենք արտահայտել եւ հաստատել ենք մեր կարծիքը՝ պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքներին եւ ավանդույթներին համապատասխան»։
Նշելով, որ առաջարկը վերջերս է ուղարկվել, Բայրամովն ասել է. «Փաստաթուղթը մեկ էջանոց է։ Եթե հայկական կողմը ցանկանում է, որ հարաբերությունները կարգավորվեն, ապա պետք է այս առաջարկին իր մոտեցումը հաղորդի։ Պետք է ասեմ, որ այս փաստաթղթում ամրագրված բոլոր սկզբունքները միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ոչինչ չկա»։