ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ. Բայդեն
ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք պատերազմելու Ռուսաստանի դեմ Ուկրաինայում: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ առճակատումը երրորդ համաշխարհային պատերազմն է, և մենք չպետք է սկսենք այն», – ասել է ամերիկացի առաջնորդը: «Սակայն մենք կշարունակենք կանգնել՝ ուս -ուսի դաշնակիցների կողքին Եվրոպայում՝ հաղորդելով հստակ ուղերձ. մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզն ամբողջ ուժով՝ միասնական և ցուցադրելով ՆԱՏՕ-ի նոր էներգիան», – շեշտել է Բայդենը։
Նա խուսափել է ուղղակիորեն պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը տեղեկություններ ունի Ուկրաինայում Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման ենթադրյալ սպառնալիքի մասին արևմտյան որոշ երկրների պնդումներինր։
«Ես չեմ խոսի հետախուզական տեղեկատվության մասին, սակայն Ռուսաստանը թանկ կվճարի, եթե քիմիական զենք օգտագործի»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը։