Ալիևի և Էրդողանի հանդիպումը տևել է չորս ժամ․ քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»
Երեկ Անկարայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որը տեւել է ավելի քան չորս ժամ, հաղորդում է «Вестник Кавказа»-ն։
Կողմերը նշել են, որ «Շուշիի հռչակագրի» ստորագրմամբ եւ երկու երկրների խորհրդարաններում տվյալ փաստաթղթի վավերացմամբ ադրբեջանա-թուրքական եղբայրական եւ բարեկամական հարաբերություններն էլ ավելի են զարգացել
Կողմերը մտքեր են փոխանակել հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ եւ նշել «Զանգեզուրի միջանցքի», ինչպես նաեւ Կարս-Նախիջեւան երկաթգծի բացման կարեւորությունը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի կողմից եռակողմ հայտարարության մեջ ամրագրված բոլոր դրույթների իրականացման կարեւորությունը։
Կողմերն անդրադարձել են նաեւ էներգետիկ ոլորտում Բաքվի եւ Անկարայի էներգետիկ համագործակցությանը, այդ համատեքստում նշվել է Հարավային գազային միջանցքի հաջող գործարկումը, քննարկվել են այդ միջանցքով դեպի Թուրքիա գազի մատակարարումների ավելացման եւ դեպի Եվրոպա տարանցման հնարավորությունները, քննարկվել է նաեւ Իգդիր-Նախիջեւան գազամուղի կառուցման հարցը։